Մենք կազմակերպում ենք
Նվերների առաքում

Նվերների առաքում Երևանում, արտերկրներում և ցանկության դեպքում` առաքման ցուցադրում պատվիրատուին on-line: Ընտրեք Ձեր նվերը և պատվիրեք անմիջապես կայքում կամ զանգահարեք մեզ:

 

 



Բոլոր ծառայությունները

Պռոշյանի կոնյակի գործարան


Եղանակը Երևանում


Current Conditions:
Partly Cloudy, 14 C

Forecast:
Thu - Mostly Clear. High: 24 Low: 9
Fri - Mostly Sunny. High: 25 Low: 11
Sat - Partly Cloudy. High: 25 Low: 12
Sun - Mostly Sunny. High: 26 Low: 11
Mon - Sunny. High: 27 Low: 13


Եղանակը Հայաստանում





Հայտնի հայուհիները

ԴԻԱՆԱ ԱՂԱԲԵԿ ԱԲԳԱՐ`աշխարհի առաջին կին դեսպանը, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին: Ծննդյան անունը Անահիտ, օրիորդական ազգանունը Աղաբեկյան: Ծնվել է 1859թ. հոկտեմբերի 12-ին Արևմտյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում, նորջուղայեցի բարեկեցիկ ընտանիքում: Հայրը առևտրական Հովհաննես Աղաբեկի յոթերորդ զավակն էր: Մայրը Զմրուխտ Ավետումյանն էր, Թադեոս Խաչիկ Ավետումյանի դուստրը: Հետագայում Աղաբեկները տեղափոխվել են Կալկաթա: Այստեղ Անահիտը անգլիական կրթություն է ստացել կանանց մենաստանում, իսկ հայերեն գրել ու կարդալ սովորել է տանը: 1889թ. հունիսի 18-ին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի վաճառական Միքայել Աբգարյանի, ով զբաղվում էր մետաքսի վաճառքով Հնդկաստանի և Ճապոնիայի միջև: Ապա նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Ճապոնիայի Կոբե նավահանգստային քազաք` մշտական բնակության: Նրանք հիմնել են Ա. Մ. Աբգար առևտրական ձեռնարկությունը, ինչպես նաև բացել են Մեծ Արևելյան հյուրանոցը: Ունեցել են հինգ զավակ: 1892թ. Դիանա Աբգարը Կոբեում հրատարակել է իր առաջին` Սյուզան վեպը, մի քանի տարի անց Պատերազմի տնային պատմություններ վեպը` նվիրված ճապոնացի ժողովրդին: 1906թ.,ամուսնու անակնկալ մահից հետո Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը, մինչև որդու չափահաս դառնալը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդի մասին դասախոսություններով: 1910թ. տեղի է ունեցել Յոկոհամայի գրական-երաժշտական ընկերության առաջին ժողովը, որի ընթացքում Դիանա Աբգարը բանախոսել է Ադանայի հայերի կոտորածների և հայ-թուրքական հարաբերությունների մասին: 1919թ. մայիսին Դիանան մասնակցել է Խարիբունում կայացած Սիբիրի Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, ընտրվել պատվավոր նախագահ: Համագումարի օրակարգի գլխավոր և կարևորագույն հարցը եղել է Հայաստանին շուտափույթ օգնություն հասցնելը: 1920թ. մարտի 7-ին Ճապոնիան de facto ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչ խոսք այս գործում իր դերն է ունեցել Դիանա Աբգարը: 1923թ. Ճապոնիայի մեծ երկրաշարժի ժամանակ Դիանան իր ընտանիքով, հրաշքով ողջ է մնացել: 1926թ. արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցի կատուկ կոնդակին: Դիանա Աղաբեկ Աբգարը մահացել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Թաղված է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատանը ամուսնու կողքին: 

 

 

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933թ. մայիսի 19-ին, ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դետրոյտ քաղաքում: Նա հասարակական գործիչ և բարերեր, ՀԲՄԸ ցկյանս նախագահ, ՀՀ Ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրն է: Սովորել է Դետրոյտի Սառա Լորենսի քոլեջում, ապա Յեյլի համալսարանում: Նա ՀԲԸՄ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1960-ական թթ.` որպես կամավոր աշխատելով կանանց կլինիկաներում, սոցիալական օժանդակության և մշակութային ծրագրերում: 1975թ. տեղափոխվել է Նյու Յորք, ընտրվել Հայ եկեղեցու Արևելյան թեմի գանձապահ, Սուրբ Ներսես ճեմարանի ավանդատու: 1981թ. ընտրվել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, 1987թ.` վարչության գործադիր փոխնախագահ: 1989-2002թթ. եղել է ՀԲԸՄ նախագահ: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ կազմակերպել է բարեգործական, մարդասիրական ծավալուն օգնություն աղետից տուժած բնակավայրերին ու բնակչությանը: Դպրոցաշինության, կրթական օջախների վերանորոգման, մշակութային գործի ծավալման և զարգացման, մանկատների, ծերանոցների և այլ բարեգործական ծրագրերի շրջանակում 1990-1999թթ. հանգանակել է 40 մլն. դոլար և նվիրել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: 1992թ. նրա նախաձեռնությամբ տպագրվել է ՀԲԸՄ նորություններ անգլերեն ամսագիրը, որը տպագրվում է 90 հազար տպաքանակով և որը տարածվում է անվճար: Ամսագրում արծարծվում են հայկական համայնքների կյանքին, նրանց հուզող խնդիրների պարզաբանմանը վերաբերող հարցեր: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ է, պարգևատրվել է ՀՀ բարձրագույն շքանշաններով: 

 

 

Ռոզի Արմեն (Հովհաննիսյան Ռոզի Խուրշուդի)` ծնվել է 1943թ. մայիսի 1-ին, Փարիզում, 1915թ. Եղեռնից փրկված, ծնունդով Նախիջևանցի Խուրշուդ Հովհաննիսյանի ընտանիքում: Կրթությունն ստացել է ծննդավայում: Դեռևս չորս տարեկանում նա ղեկավարել է դպրոցական նվագախումբը, հետագայում հանդես եկել դպրոցական երգչախմբում որպես մենակատար: 1961թ. առաջին անգամ ելույթ է ունեցել ֆրանսիական ազգային հեռուստատեսությամբ, ձայնագրել իր առաջին ձայնասկավառակը: 1963թ. համերգներով շրջագայել է Մերձավոր Արևելքի երկրներում: 1965թ. առաջին անգամ համերգներով հանդես է եկել հայ իրականության առջև: Արամ Խաչատրյանը Ռոզի Արմենին է նվիրել «Սև կակաչ» երգը: 1966թ. Ռոզի Արմենը Ֆրանսիայի 12 լավագույն երգիչների թվում էր: Երգչուհին Օլիմպիա համերգասրահում ֆրանսիական և եվրոպական այլ ժողովուրդների երգերի թվում հնչեցրել է նաև հայկական դասական և ժողովրդական երգեր: 1968թ. նոր կատարումներով շրջագայել է Եվրոպայի խոշոր քաղքներում, մասնակցել միջազգային մրցանակաբաշխութունների, արժանացել առաջին մրցանակի: Խուլիո Իգեսիասի հետ 1971թ. ձայնագրել է Gwendoline ալբոմը, որը մինչ այժմ հանդիսանում է երգչուհու այցեքարտը: 1972թ. թողարկել է հայերեն երգերից կազմած է իր առաջին ալբոմը` “Yerevan”-ը: 1979թ. համերգներով ելույթներ է ունեցել Միշել Լեգրանի հետ, ձայնագրել “Windmills of my heart” հանրահայտ երգը: 1966թ. հրավիրվել է Մոսկվա` մասնակցելու Առնո Բաբագանյանին նվիրված համերգին: 2005թ. հայրենիքում մասնակցել է 70-ականների Երևանը խորագրով համերգին : Ունի ձայնագրված 45 ալբոմ:

 

 

Շեր (Շերիլին Սարգսյան) ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում, երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հայտնված Ջոն Սարգսյանի ընտանիքում: Մանկությունն անցել է հոր ֆերմայում, ուր կատարել է ֆիզիկակակ ծանր աշխատանք: 17 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես, խաղացել թատրոնում: Հոլիվուդում ամուսնացել է Սալվադորե Ֆելիպե Բոնոյի հետ և ստեղծել Շեր Էնդ Սանի ռոք- երկյակը, որը մեծ հռչակ է վայելել և մնայուն հետք թողել ռոքի պատմության մեջ: 1976թ. Շերը հաջողությամբ նկարահանվել է նաև կինոյում, բազմիցս արժանացել Ամերիկան կինոակադեմիայի Օսկար, Ոսկե Գլոբուս, Գրեմմի, Էմմի, Բիլբորդ արձանիկի և այլ մրցանակների: 1984թ. Դիմակը ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի Արմավենու ճյուղ մրցանակի: 1985թ. հռչակվել է Տարվա կին: 1988թ. Լուսնով հմայվածները ֆիլմում Լորետայի դերակատարման համար պարգևատրվել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակներով: 1989թ. նրա հրատարակած ալբոմը ստացել է եռակի պլատինե կարգավիճակ: 1988թ. թողարկել է Բելիվե ալբոմը, որը 7 շաբաթ աշխարհի 23 երկրում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 1993թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո այցելել է Հայաստան, հանդես եկել բարեգործական ձեռնարկումներով, եղել մանկատներում: 1996թ. հանդես է եկել որպես բեմադրիչ, նկարահանել Եթե այս պատերը խոսել իմանային ֆիմը, թողարկել Սա տղամարդկանց աշխարհն է ձայնապնակը: 1988թ. Շերի անունը անմահացել է Հոլիվուդի Աստղերի ծառուղիում: 2007թ. նրա անունը գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:

 

 

Շուշաննա Պարգևի Մարտիրոսյան-Վարդանյան` ծնվել է 1968թ. նոյեմբերի 18-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտական ունակությունները դրսևորվել է դեռևս երկու տարեկանից: Չորս տարեկան էր, երբ մասնակցում էր հեռուստատեսային մանկական հաղորդումների: Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, միաժամանակ նվագել Գ. Աճեմյանի «Ունիսոն» ջութակահարների անսամբլում: Շուշաննան տասը տարեկան էր, երբ ընտանիքը բնակություն հաստատեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Տասնչորս տարեկանում ստացել է Մարսելի կոնսերվատորիայի առաջին մրցանակը, տասնյոթում` արժանացել նույն կոնսերվատորիայի ոսկե մեդալին: Երեք տարի ուսանել է Ժան Տեր- Մերկերյանի դասարանում, այնուհետև կատարելագործվել Փարիզի ազգային կոնսերվատորիայի դասախոս, հայտնի ջութակահար Դևի Էրլիի մոտ: 1985-87թթ. դասավանդել է Ֆրանսիայի Արլ քաղաքի երաժշտական դպրոցում: Ֆրանսիայում նա ջութակի ամենաերիտասարդ ուսուցչուհին էր: 1987թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Իմ ջութակի լարերը խորագրով», 1988թ. թողարկել է երկրորդ ձայնասկավառակը «Շրջել երկրագունդը» խորագրով: Մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումների, այդ թվում Պասկալ Սևրանի, Ժակ Մարթենի հաղորդումներին: 1989թ. Շառլ Ազնավուրի հրավերով մասնակցել է «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը: Մենահամերգներով հանդես է եկել եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: 1990թ. Հայաստանում Կարո Հայրապետյանի հետ հանդես է եկել դուետով (Երևան, Գյումրի, Ամասիա), որից ստացած ողջ հասույթը տրամադրվել է երկրաշարժից երկկողմանի որբացած 500 երեխայի: 1999թ. «Ունիվերսալ մյուզիք» ստուդիայի առաջարկով Տեխնո ջութակով կատարել է 13 ստեղծագործության ձայնագրություն, որոնք 2000թ. թողարկվել են ալբոմով: Սա առիթ է հանդիսացել, որպեսզի Ֆրանսիայի Լիլ քաղաքի հեռուստատեսությունը կազմակերպի TECHNO PARADE համերգը: Համագործակցել է անվանի երաժիշտներ Ժան Պիեռ Լանգի, Ֆրանսուա Բերնեիմի, Ֆրանսիս Լեի, Սիրիլ Ասուի և այլոց հետ: 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, Շուշաննան իր սիրելի թիմին աջակցելու և ոգևորելու համար գրել է «Հաղթանակ» երգը, որը հնչելու էր իբրև հիմն Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի համար:


 

Մաիրա Թիթիզյան` ծնվել է 1966թ. օգոստոսի 5-ին Բեյրութում (Լիբանան)` Մարտիկ և Հայկանուշ Կերեկյանների ընտանիքում: 1968թ. տեղափոխվել է Կանադա, 2001թ.`Հայաստան: 1986թ. ավարտել է Կանադայի Յորք համալսարանի պատմության և քաղաքագիտության բաժինը: 1988 և 1992թթ. եղել է Կանադայի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, Սարգիս Ասատրյանի ֆեդերալ ընտրական քարոզարշավի շտաբի պետ, 1991թ. ` Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի նախագահը, 1996-2000թթ.` Տորոնտոյի Հայ կենտրոնի լրատվության խոսնակը, 1998-1999թթ. `Կանադայի Հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ: 2000թ. նախարար Դեյվիդ Կոլլինեթթի ֆեդերալ ընտրական քարոզարշավի շտաբի պետի տեղակալն էր, 2005-2007թթ. «Հայաստանի կանանց կոալիցիա»-ի փոխհիմնադիրը, 2005-2008թթ. ` ՀՅԴ-ի կանանց հանձնախմբի ներկայացուցիչը: 2001-2003թթ. եղել է Ջեմքորփ Ինտերնացիոնալ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, 2004-2006թթ.` Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրամի տնօրեն: 2006թ. եղել է Հանրային հեռուստատեսության ` արևմտահայերենով տրվող հաղորդումների հաղորդավար և լրատվության խմբագիր: 2006թ. «Հայաստանի պետական նվագախմբի հիմնադրամի ընկերներ»-ի գործող տնօրենն է: 2007-2010թթ. «Արմենիա Րեփորթեր» շաբաթաթերթի փոխխմբագիրն էր և քաղաքական ուղղվածության պատասխանատուն: Գրել է նաև «Կյանքը Հայաստանում» խորագրով հոդվածներ: 2008թ. ընտրվել է Սոցիալիստ ինտերնացիոնալի փոխնախագահ: 2009թ. մասնակցել է Երևանի քաղաքապետի ընտրություններին` որպես ավագանու թեկնածու: Ընկերավար երիտասարդների համաշխարհային միության սևծովյան տարածաշրջանի լիդերության խորհրդաժողովի, ինչպես նաև` 2010թ. ՄԱԿ-ի` Կանաց կարգավիճակի հանձնախմբի գլխավոր բանախոս էր: 2010թ. Հրայր Մալուխյան հիմնադրամի տնօրենն է: 

 

 

Հիլդա Մարգարի Գալֆայան-Փանոսյան` ծնվել է 1942թ. Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում: Սովորել է Եսայան վարժարանում, ապա մեկնել Ֆրանսիա` ուսանելու Սորբոնի համալսարանում: 1973թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանության դոկտորի գիտական աստիճան: 1975թ. ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթության ինստիտուտի հայագիտական բաժինը: Զբաղվել է մանկավարժությամբ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր է: Թղթակցել է Կոստանդնուպոլսում հրատարակվող հայկական օրաթերթերին, ամսագրերին, սերտ կապեր հաստատել համայքի հետ: 1980թ. լույս է տեսել «Կաթիլ մը» և «Լեզուն անդին» բանաստեղծությունների ժողովածուն, որոնք ջերմ ընդունելություն են գտել գրողների, մտավորականների շրջանում: 1981թ. շահել է ֆրանսահայ գրողների սահմանած մրցանակը: Նրա մտահոգությունը եղել է սփյուռքի հայապահպանության և հատկապես հայոց լեզվի պահպանման խնդիրները: Նա գտնում է, որ մայր հայրենիքի հետ ունեցած ամուր կապերը` հայկական դպրոցները, մշակութային և ազգային այլ կազմակերպությունները կնպաստեն աշխարհասփյուռ հայության շրջանում լեզվի պահպանմանը: Սակայն առաջնային խնդիր համարելով հայրենադարձությունը` 1993թ. ստեղծել է լեզվի պահպանության «Մաշտոց» կենտրոնը, օտարախոսների համար հրատարակել հայերենի ուսումնական ձեռնարկ: 2000թ. Մաշտոց կենտրոնը համագործակցում է Երևանի մանակավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ, որի նպատակն է պատրաստել արևմտահայ լեզվի իմացությամբ մանկավարժներ` Հայաստանում և Արցախում աշխատելու համար: 2003թ. մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողավին, 2006թ.` կրթության հարցերին նվիրնած համահայկական ժողովին: 2009թ. պարգևատրվել է Արցախի վարչապետի պատվոգրով, Ս.Սարգսյանի շնորհակալագրով, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Խ.Աբովյան մեդալով:
 
     
                    

          

Արուս Ասրյան Հարությունի` ծնվել է 1903թ. նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Նա տաղանդավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի կինն էր և կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի մայրը: 1919թ. խաղացել է Թիֆլիսում, Հ. Ոսկանյանի թատերախմբում: 1924թ. Արուս Ասրյանն աշխատել է Թիֆլիսի հայ դրամայի թատրոնում, ուր մարմնավորել է մի շարք դերեր Դեմբի «Քին», Ելենա` «Դեզերտիրկա», Շուշիկ` «Մի կտոր հողի համար», Մարսելլա` «Այգեպանի շունը», Սոնա ` «Խալխի նոքար»: 1929թ. հաստատվել է Լենինականի պետական թատրոնում: Այստեղ Ա. Ասրյանը կայացել է որպես քնարական և կոմիկական դերերի գերազանց մարմնավորող: Նրա լավագույն կատարումներից են Քենյաէ Լավրենովի «Բեկում», Նաստյա` Մ. Գորկու «Հատակում», Լուիզա ` Շիլլերի «Սեր և խարդավանք», Լաուրա `«Քարե հյուրը», Միրանդոլինա` «Երկու տիրոջ ծառա», Տանյա` Արբուզովի «Տանյա» դրամայում, Շողակաթ` Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» և այլ թատերերգություններում: 1940թ. Արուս Ասրյանը տեղափոխվել է Երևան, ուր առավել է բացահայտվել դերասանուհու տաղանդը: Մայր թատրոնում անձնավորել է հայրենասեր կանանց մի ամբողջ շարք. Վալյա Անոշչենկո` Կ. Սիմոնով, «Ռուս մարդիկ», Մարուսյա` Ալ. Կոռնեյչուկ. «Ռազմաճակատ»: 1945թ. արժանացել է ՀԽՒՀ, 1972թ. `ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Կերպարներ է կերտել «Պաղտասար Աղբար», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Հիշիր վաղվա օրը», «Աշխարհն այո շուռ է եկել», «Մեր ջահելության թռչունները», «Իմ սիրտը լեռներում է» , «Փորձադաշտ», «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» և այլ պիեսնորում: Մասնակցել է հեռուստա և ռադիոբեմադրությունների, նկարահանվել կինոյում: 1964թ. լույս է տեսել Ալեքսանդր Արաքսմանյանի, իսկ 2005թ. Բախտիար Հավակիմյանի «Արուս Ասրյան» մենագրությունները: Մահացել է 1987թ. հունիսի 28-ին Երևանում: 


Սրբուհի Լիսիցյան` ծնվել է 16(28).06.1893թ.-ին, Թիֆլիսում: Ազգագրագետ, արվեստաբան, Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը, պատմ. գիտ. դ-ր (1959), ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ(1964): Ս.Դ. Լիսիցյանի դուստրը, Ն.Ս. և Լ.Ս. Լիսիցյաևների քույրը: Սովորել է Մոսկվայի գեղ. խոսքի և պարի ստուդիաներում (1911-17): 1917-ին հիմնադրել է Թիֆլիսի Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիան (1924-ից՝ Ռիթմի և պլաստիկայի ինստ.), կից՝ նաև պարի անսամբլ, որը հանդես է եկել Բաքվում, Երևանում, Բեռլինում, Մյունխենում և այլուր (1924-27): 1930-37-ին՝ Երևանի ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումի (այժմ՝ ԵՊՈՒ) տնօրեն, գեղ. ղեկավար, դասատու, 1944-64-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում, միաժամանակ, 1942-59-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի, 1959-79-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատող: 1923-ից զբաղվել է հայկական պարերի ուսումնասիրությամբ, 1932-ից՝ շարժումը գրանցելու համակարգի ստեղծմամբ: Գրանցել է ժողովրդական պարեր, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր, բեմադրել պարեր: Հեղինակ է հոդվածների, ուսումնասիրությունների, թարգմանությունների, նաև «Նարինե» բալետի լիբրետոյի (կոմպոզիտոր՝ Ա. Բարխուդարյան): Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ. Շանթ, Ատ. Զորյան, Ռ. Ռեմիրճյան) ևն: Մահացել է  28.08.1979թ.-ին, Երևանում: 

 

 

Սոսե Մայրիկ (Վարդանյան Սոսե`) ծնվել է 1868թ. Արևմտյան Հայաստանի Խլաթ գավառի Թեղուտ գյուղում: 13 տարեկան հասակում ամուսնացել է Խեչոյենց Սերոբի, հետագայում նշանավոր ֆիդայի Աղբյուր Սերոբի հետ, դարձել նրա քաջ ու ավնախ զինակիցն ու զինվորը: Հայ հալածականների հանդեպ ցուցաբերած բարության, բազմակողմանի օգնության համար ժողովուրդը նրան անվ անել է Մայրիկ: 1890թ. ամուսինը մեկնել է պանդխտության, Սոսեին թողնելով առաջնեկ որդու` Հակոբի հետ: Երիտասարդ գեղջկուհու վրա խոր տպավորություն են թողել ամուսնու հորեղբոր` Առաքելի հայրենասիրական պատմությունները, ով մասնակել էր Ներսես պատրիարք Վարժապետյանի օրոք տեղի ունեցած ազգային եռուն կյանքին: 1895թ., երբ ամուսինը վերադարձել է հայրենի գյուղ և զբաղվել քարոզչությամբ, Սոսեն եղել է նրա կողքին, նրա գաղափարակիցն ու զինակիցը: 1898թ., Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում: 1899թ. Գելիգուզան գյուղում, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, ովքեր զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն`դրսևորելով մեծ խիզախություն: Վիրավոր գերվել և տարվել է Բիթլիս, սակայն շուտով ազատ է արձակվել: 1904թ. Սասունի ապստամբությունիօց հետո մեկնել է Վան, այնտեղից Կովկաս: Սոսե Մայրիկի մյուս` Սամսոն որդին, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920-ական թթ. բնակություն է հաստատել Կոստանդնուպոլսում, ապա` Եգիպտոսում, Ալեքսանդրիայում: Սոսե Մայրիկը մահացել է 1953թ. մարտի 3-ին Եգիպտոսում: 1998թ. մայիսի 28-ին Սոսե Մայրիկի աճյունն ամփոփվել է Երևանի Եռաբլուր պանթեոն-գերեզմանատանը: Սոսե Մայրիկի և Աղբյուր Սերոբի դիմաքանդակները գտնվում են Գյումրիում, իսկ Սոսեի կիսանդրինկանգնեցվել է Լեռնային Ղարաբաղի` իր անունը կրող դպրոցի բակում: 

 

 

Սիպիլ (Զապել Խանջյան Հովհաննեսի) ծնվել է 1863թ. հոկտեմբերի 1-ին, Կոստանդնուպոլսում: Գրող, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Խանջյան-Ասատուրը (գրական կեղծանունը՝ Սիպիլ) այն սակավաթիվ կանանցից է, որ իր կենդանության օրոք գնահատվեց ըստ արժանվույն: Ժամանակակիցները գովաբանում էին նրա գրական տաղանդը, ստեղծագործություններն ընդգրկվում էին դասագրքերում, թարգմանվում այլ լեզուներով, նրա հասցեին ջերմ տողեր էին շռայլում թե՛ արևմտահայ և թե՛ արևելահայ մտավորականության ներկայացուցիչներ: 1933 թ. Պոլսում, Կահիրեում ու Ալեքսանդրիայում, Փարիզում ու Ֆիլիպեում (Պլովդիվ) մեծ շուքով տոնվեց նրա 70-ամյա հոբելյանը: Մեկ տարի անց նա վախճանվեց, սակայն կանանց ողջ սերնդի հիշողության մեջ մնաց որպես չգերազանցված իդեալ՝ անսահման հմայիչ, նրբաճաշակ, անթերի անաղարտ խոսքով, ազնիվ, վեհանձն և զարմանալիորեն տաղանդավոր Սիպիլ:

 

 

Վառվառա Սահակյանը եղել է Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինը: Նա վաղ տարիքից Դաշնակցություն կուսակցության շարքերում էր: 1918թ. Առաջին հանրապետության հռչակման տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում էր, որ անհրաժեշտ դեղորայքի պակասից մահացավ նրա զավակը: Դրան հաջորդեց Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ, շատերի նման Վարյան ամուսնու և երկու զավակների հետ ոտքով մի կերպ հասնում են Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվում են Հարավային Իրան, ապա Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյվառայի առողջության վրա. ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան: Բեյրութում Վարվառան ներգրավվում է հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932թ. ճակատագիրը մի նոր հարված հասցրեց. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարվառայի առողջությունը և շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:

 

 

Տաթևիկ Սազանդարյան` ծնվել է 1916թ. օգոստոսի 20-ին Սյունիքի Խնձորեսկ գյուղում: 1937թ. ավարտել է Մոսկվայի հայ մշակույթի տանը կից վոկալ-դրամատիակական ստուդիան: 1960թ. էքստեռն կարգով` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1937-69թթ. եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, անուրանալի ավանդ ներդրել ազգային օպերային արվեստի զարգացման գործում: 1956թ. Տաթևիկ Սազանդարյանին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Նա Փառանձեմի ( Չուխաջյան, «Արշակ Բ.»), Ալմաստի (Սպենդիարյան «Ալմաստ»), Աննայի (Ա. Հարությունյան «Սայաթ-Նովա») դերեչգերի կատարողն է: Հատուկ Տաթևիկ Սազանդարյանի ձայնի համար է գրվել Թամարի (Տիգրանյան «Դավիթ Բեկ»), Շուշանի (Բաբաև «Արծվաբերդ»), Նազելիի (Ստեփանյան «Հերոսուհին», որն իդեպ 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի) դերերգերը: Բազմաթիվ կատարումներով հանդես է եկել աշխարհահռչակ կոմպոզիտորներ Վերդիի, Բիզեի, Սեն-Սանսի, Կորսակովի, Բորոդինի, Չայկովսկու և այլոց ստեղծագործություններով` միահյուսելով կերպարանափոխման ձիրքը, դրամատիկ դերասանուհուն հատուկ տաղանդը: Նրա երգացանկից անպակաս են եղել Կոմիտասի Սայաթ-Նովայի և Շերամի երգերը: Տաթևիկ Սազանդարյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ բեմերում: Նա նաև ճանաչված մանկավարժ էր: 1960թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1977թ. եղել է մեներգեցողության ամբիոնի վարիչ: 1972-77թթ. եղել է նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ: 1970թ. արժանացել է պրոֆեսորի կոչման: 1997թ. պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է1999թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:


 

Սաթենիկ Հովհաննեսի Օհանջանյան` ծնվել է 1880-ական թվականների պատմական Գուգարք նահանգի Ջավախք գավառի Ախալքալաք քաղաքում: Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ, ապա արտգործնախարար Համո Համազասպ Օհանջանյանի քույրն էր: Սովորել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) ծխական դպրոցում, ապա ռուսական գիմնազիայում: Եղել է ՀՅԴ անդամ Թիֆլիսի Մեղու ընկերության վարչության քարտուղար: 1898թ. Թիֆլիսում և Թելավիում, եղբոր հիմնած Կարմիր Խաչի խմբերում աշխատել է որպես գթության քույր: 1908թ., երբ Դաշնակցությունը հալածվում էր Կովկասում, Սաթենիկը տեղափոխվում է Կ.Պոլիս և իր գործունեությունը շարունակում այնտեղ: Սաթենիկ Օհանջանյանը եղել է Կ. Պոլսի Կանանց Կարմիր Խաչի և Աշխատանքի տան Բերա թաղամաս, հիմնադիրներից: 1909թ. Ադանայի կոտորածից հետո, մի խումբ կանանց հետ մեկնել է աղետի վայր, կազմակերպել որբերին հավաքելու և տեղափոխելու գործը: Ապա վերադարձել է Թիֆլիս, բանտարկված եղբորն ազատելու ուղի փնտրելու և նրա ընտանիքին տեր կանգնելու: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կրկին Այսրկովկասում էր, օգնում էր գաղթական ընտանիքներին, կամավորական գնդերին, կանանց կազմակերպություններին: 1915թ. իբրև բժշկախնամատարական խմբի անդամ մեկնել է Վան, անցել նահանջի ճանապարհով: «Էս աղջիկը հողեղեն չէ, սուրբ է, հրեշտակ է»: Սաթենիկ Օհանջանյանին այսպես է բնութագրել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Էջմիածնում, որտեղ իբրև գթության քույր զբաղված էր գաղթական հիվանդներին խնամելով, վարակվել է բծավոր տիֆով: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Թիֆլիս: Մահացել է 1915թ. հոկտեմբերի 1-ին:

 

 

Անայիս (Եվփիմե Ավետիսյան) (1872 - 1950), հայ բանաստեղծուհի, արձակագիր։ Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանի և Խորեն Նար Պեյից։ 1893-ին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։ Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է Պոլսի «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922-ին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքը վերջը, շարունակելով աշխատակցել է սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ և վերջալույս» ժողովածուում (Փարիզ)։ 1949-ին Փարիզում լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Հուշերս» վերնագրով։

 

 

Շուշանիկ Կուրղինյան (Փոպլոճյան Շուշանիկ Հարությունի)` ծնվել է 1876թ. օգոստոսի 18-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Արղության օիրորդաց դպրոցում, ապա` ռուսական պրոգիմնազիայում: 1893թ. անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը: Գրել է վաղ տարիքից: 1899թ. առաջին անգամ «Տարազ» պարբերականում տպագրվել է Շուշանիկ Կուրղինյանի «Գեղջկուհու մորմոքը» բանաստեղծությունը: 1907թ. հրատարակվել է «Արշալույսի ղողանջներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Գրքում տեղ գտած մի շարք բանաստեղծություններ սոցիալական անարդարության, խավարի ու բռնության դեմ ծառայող ոգով նոր խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում: 1921թ. բանաստեղծուհին Վլադիկավկազում հիմնել է Ստ. Շահումյանի անվան ակումբ: Անտիպ է մնացել Խարկովում գրած «Ինքնակենսագրություն» գիրքը, որի ձեռագիրը պահվում է Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Գրել է նաև պիեսներ: 1955թ. գրականագետ Հ. Ղազարյանը հրատարակել է Շուշանիկ Կուրղինյան աշխատությունը: Խորհրդային տարիներին լույս են տեսել Շուշանիկ Կուրղինյանի «Հատընտիր» (1938, 1978,) «Բանաստեղծություններ» (1947, 1971) ժողովածուները և այլ գրքեր: 1991թ. Նյու Յորքի Յուսեթ Քոլմբայն Բուքս հրատարակչությունը անգլերեն լույս է ընծայել «Կին բանաստեղծների սիրո քնարերգությունը համայն աշխարհի բոլոր ժամանակների» բանաստեղծությունների անթոլոգիա գիրքը, որի մեջ տեղ են գտել Շուշանիկ Կուրղինյանի մի քանի բանաստեղծություններ: 2003թ. Լոնդոնում լույս է տեսել կանադացի գրականագետ Տոկիչոյի Չուռ համաlսարանի դասախոս Վիկտորիա Ռոուի «Հայ կանանց գրականության պատմությունը» (1880-1922թթ.) արժեքավոր աշխատությունը անգլերեն, որի ծավալուն գլուխներից մեկը նվիրված է Շուշանիկ Կուրղինյանին: 2005թ. «Ապրել եմ ուզում» ժողովածուն ընդգրկում է Շուշանիկ Կուրղինյանից 40 բանաստեղծություն` բնագրերը և անգլերեն թարգմանությունները: Գիրքը կազմել և թարգմանել է Շուշան Ավագյանը Իլինոյսի ԱՄՆ համալսարանից, ծնունդով երևանցի , խմբագրել են Վիկտորյա Ռոուն և հայ գրականության թարգմանչուհի Սյուզան Բարբան: Շուշանիկ Կուրղինյանը մահացել է 1927թ. նոյեմբերի 24-ին Երևանում:

 

 

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան` ծնվել է 1886թ., Էդիրնեում (Թուրքիա): Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլպեում (ներկայիս Պլովդիվ): Ընդհամենը 16 տարեկան էր, երբ Եվրոպա մեկնելու ճանապարհին հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական և ֆիդայական շարժման հայտի գործիչ Սարգիս Բարսեղյանին (Վանա Սարգիս, Կոլոտ Սարգիս, Շամիլ): Ամուսնու նախաձեռնությամբ ստեղծել է կանանց միություն, որը հայ գիրը, գրականությունը, պատմությունը և հեղափոխական գաղափարները տարածելու նպատակ ուներ: Այնուհետև մեկնել է Ժնև` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսել է ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Հետագայում լույս է տեսնում նրա «Փոթորիկեն վերջ»պատմվածքների ժողովածուն: Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել ծննդավայրում, Կերասոնում և Վանում: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել: 1909-ին նրանք ամուսնացան, իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի Հ. Յ. Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Ամուսնու մահից հետո տեղափոխվում է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս,դասավանդել Գայանյան և Հովնանյան վարժարաններում: 1918թ. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո տեղափոխվում է Երևան և ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ պաշտոնավարել Նանսենյան գրասենյակում և շարունակել գրական գործունեությունը: Նրա պատմնածքները թարգմանվել են ֆրանսերեն և անգլերեն, իսկ «Արփիկը» և «Օղակ մը շղթայէս» պատմվածքների համար արժանացել է մրցանակի: Մահացել 1940թ. մայիսի 18:

 

 

Կատարինե Զալյան - Մանուկյանը Ղուրդուղուլիի (Արմավիր) որբանոցի գլխավոր բժշկուհին էր: Նա նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպում է ապագա ամուսնուն՝ Դաշնակցության ականավոր գործիչ Արամ Մանուկյանին և 1917 թվականի մայիսի 1-ին Երևանում նրանք ամուսնանում են: Այդ ամուսնությունից 1918թ. հոկտեմբերին ծնվում է Արամի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը: Երբ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Կատարինեն ընտրվեց խորհրդարանի պատգամավոր. նա առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Մեկ տարի անց, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին հանրապետության անկումից հետո երիտասարդ այրու զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Նրան ազատում են աշխատանքից և վտարում բնակարանից: Նա երեխան գրկին, ապաստանում է քրոջ մեկսենյականոց բնակարանում, ապա մեկնում Կրասնոդար՝ ամուսնու ազգականների մոտ: 1927 թվականին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադառնում է Երեւան: Այստեղ մայր ու աղջիկ, բնակարան են վարձում. և ապրում ծայրահեղ դժվարին պայմաններում: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- իր հուշերում պատմում է Սեդա Մանուկյանը: 1937թ.՝ որպես արտասահմանի հետ կապ ունեցող կասկածելի անձնավորության, Կատարինեին նորից ազատում են աշխատանքից: Պատերազմի տարիներին նա կրկին աշխատում էր, սակայն առողջությունը վերջնականապես քայքայվել էր: Մահացել է 1965 թվականին, բայց մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանա նրան, ես վստահ եմ»: Այդպես էլ եղավ: Դուստրը տեսավ Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը, տեսավ, թե իր հայրենակիցներն ինչ երախտագիտությամբ են հիշում իր հորը և արժանին մատուցում նրա հիշատակին: …1998-ի հունիսի 24-ին Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները հանդիպեցին հայ ժողովրդի սիրելի հերոս Արամ Մանուկյանի միակ ժառանգի` Սեդա Մանուկյանի հետ: 80-ամյա կինը Մոսկվայից հասել էր Սարդարապատ հատուկ առաքելությամբ. թանգարանին էր նվիրում հոր իրերը, որոնք մասունքի պես տարիներ շարունակ պահել-պահպանել էր` արծաթե բաժակակալ` «Քավոր Աղին» մակագրությամբ, թեզանիքակալներ, փողկապ, ժամացույց, լուսանկարներ:

 

 

Մանյա` Մանյա Լոռիս-Մելիքյանը 1836թ. Թիֆլիսում: Նա նշանավոր զորահրամանատար, պետական և ռազմական գործիչ, Ռուսաստանի դիկտատոր, կոմս գեներալ-համհարզ Միխայիլ Տարիելի Լոռիս-Մելիքովի զարմուհին է: Մանյան տասներկու տարեկանում թողել է աշխարհիկ կյանքը 1848թ. մտել Թիֆլիսի Կուսանաց անապատ, որտեղ ապրել է 64 տարի և այնտեղ էլ կնքել իր մահկանացուն: Նա 1861թ. ձեռնադրվել է այդ վանքի միաբան : Նա ֆինանսական օգնություն է հատկացրել Բաթումի Հայոց վերաշինությանը, Ախլքալաքի երկրաշարժից տուժածներին, Լոռու գավառի Որնակ գյուղի ջրատարի կառուցմանը: 1877թ. Մանյա կույսը գումար է նվիրաբերել Սանահինի վանքի վերանորոգման համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոսի միջնորդությամբ, 1896թ. նոյեմբերի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը Մանյա կույսին շնորհել է լանջախաչ: Մահացել է 1912թ. հունվարի 9-ին Թիֆլիսում և թաղվել Խոջավանքի գերեզմանատանը` Կուսանաց անապատի մայրապետների շարքում` թեև մայարապետ չի եղել: 

 

 

Զաբել` ծնվել է 1215թ., Սսում, եղել է Կիլիկյան Հայաստանի Լևոն Մեծագործ արքայի դուստրը: 1219թ., հոր կամքով կարգվել է թագաժառանգ, գահակալել է 1222թ.: Նրա խնամակլն է եղել Կոստանդին Գունստաբլը: 1222թ. Լևոն Բ. թագավորի մահից հետո, Կիլիկիո իշխանները, 7 տարեկան Զաբելին կնության են տվել Անտիոքի և Տրիպոլի դուքս Բուհեմոնդի որդի, թագաժառանգ Ֆիլիպին, նրան հանձնելով նաև Հայոց գահը: Վերջինս վարել է հակահայկական քաղաքականություն և Անտիոք տեղափոխել հայոց գանձերը:1225թ. Կոստանդին խնամակալը տապալել է Ֆիլիպին, մահապատժի ենթարկել: Նա 1226թ. պաշարել է Սելևկյա ամրոցը, վերադարձրել արքայադստերը և Տարսոնի Ս. Սոփիա տաճարում ամուսնացրել իր որդի Հեթումի հետ (Հեթում Ա.)` շնորհելով նրան արքայի տիտղոս և հռչակելով թագավոր: 1238թ. Զաբելը հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցմանը, Սիս քաղաքում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները: 1241թ. Զաբել թագուհու կամոք, պետական միջոցներով հիմնվել է հիվանդանոց, որը առաջինն էր Եվրոպայում, որտեղ բուժումը անվճար էր` առանց ազգային ու դասային խտրականության: Հիվանդանոցը գոյատևել է մինչև Կիլիկիայի հայոց թագավորության կործանումը` 1375թ. ապրիլի 22-ը: Զաբել թագուհին մահացել է 1252թ. հունվարի 22-ին, թաղված է Դրազարկում, Ռուբինյանների արքայական դամբարանում: 

 

 

Աննա Իշխանուհի` ծնվել է 963թ. մարտի 13-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կ.Պոլսում: Նա Բյուզանդիայի քսան հայազգի կայսրերից մեկի՝ Ռոմանոս Բ-ի դուստրն էր: Վասիլ Բ Բուլղարասպան կայսեր քույրը: 988թ. իրենց դեմ ծագած ապստամբությունը և դավադիր զորահրամանատարներին ճնշելու նպատակով Վասիլ և Կոստանդին կայսրերը ռազմական օգնություն են խնդրում Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչից: Իշխանը օգնության դիմաց կնության է պահանջում նրանց քրոջը ՝ Աննային: Եղբայրները համաձայնվում են պայմանով, որ իշխանը ընդունի քրիստոնեություն և այն հռչակի պետական կրոն: Երկկողմանի համաձայնությունը կայանում է արքայաքույր Աննան Խերսոնում ամուսնանում է Վլադիմիրի հետ և դառնում Կիևյան Ռուսիայի մեծ իշխանուհի: Համաձայն տարեգրության այդ նույն ժամանակ հիվանդանում են մեծ իշխանի աչքերը:Աննան նրան համոզում է մկրտվել, որից հետո իշխանը ապաքինվում է: Իշխանուհի Աննայի նախաձեռնությամբ Կիևում կառուցվում է շքեղ իշխանական նստավայր և երկու եկեղեցի: Իշխանուհի Աննան ﴾տիտղոսը հաստատվել է Իվան Ահեղի օրոք) ակտիվորեն մասնակցել է Ռուսիայում քրիստոնեության տարածման գործին, կառուցել բազում եկեղեցիներ: Վլադիմիրի եկեղեցական օրենսգրքում խոսվում է , որ իշխանը եկեղեցական հարցերով խորհրդակցում էր կնոջ հետ: Կիևյան Ռուսիայի Մեծ Իշխանուհի Աննան վախճանվել է 1011թ. իշխանի մահից չորս տարի առաջ և թաղված է նրա կողքին Դոսյատինի եկեղեցում:

 

 

Կատրանիդե` ծնվել, ապրել ու գործել է X-XI դարերում: Եղել է Գագիկ Ա. Բագրատունու կինը, Սյունյաց աշխարհի Վասակ Ա. թագավորի դուստրը: Զբաղվել է բարերարությամբ , կառուցել ու հովանավորել բազմաբիվ եկեղեցիներ: Այդ ձեռնարկունմերի պսակն է Անիի Մայր տաճարը, որի կառուցման հիմքը դրել է Սմբատ Բագրատունին` իր գահակալության վերջին տարում` 989թ., որն իր ավարտին է հասցրել Կատրանիդե թագուհին` 1001թ.: Մայր տաճարի կրկնօրինակն է Գյումրու Ս. Խաչ եկեղեցին, որը հիմնովին ավերվել է 1988թ. երկրաշարժից: Կատրանիդե թագուհին ամուսնու` Հայոց Գագիկ Ա. Բագրատունու հետ թաղված է իր կառուցած տաճարի հանգստարանուն` փոքրիկ մատուռի մեջ: 

 

 

Սահակադուխտ` ծնվել, ապրել և ստեղծագործել է VIII դարում: Նա Դվինի կաթողիկոսարանի ավագ երեց Սահակի դուստրն էր: Մատենագիր, աստվածաբան, թարգմանիչ, երաժիշտ, բանաստեղծ Ստեփանոս Սյունեցու քույրն էր: Ինչպես վկայում է Ստեփանոս Օրբելյանը, Սահակադուխտը փոքր հասակից ընդունել է կուսակրոնություն և մինչև մահ ապրել ճգնակեցությամբ, Գառնու ձորի մի քարայրում: Ունեցել է աշակերտներ, դասավանդել է քարայրում` վարագույրի ետևում նստած, որը համապատասխանում էր ժամանակի բարքերին և ճգնակեցությամ կանոններին: Նա հմտացել է երաժշտական և բանաստեղծական արվեստների մեջ, հորինել հոգևոր երգեր` կցուրդ և քաղցրեղանակ մեղեդիներ: Ստեփանես Օրբելյանը հիշատակել է Սահակադուխտի` Աստվածամորը ձոնված միայն մի ակրոստիքոս երգի վերնագիր (Սրբուհի Մարիամ) գրված մեծասցուցե շարականների ոգով, որի տների առաջին տառերով կարդում ենք` Սահակադուխտ: Ղևոնդ Ալիշանը հրատարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակը: Երգի ամբողջ բնագիրը հայտնաբերել ու հրատարակել է Երուսաղեմի Ս. Հակոբի միաբաններից Նորայր եպիսկոպոս Պողարյանը: 


 

Շուշանիկը (ավազանի անունը` Վարդենի) ծնվել է 409թ.: Նա հայոց քաջ նահատակ քաջ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր,Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսի թոռնուհին: Ծնողները նրան կոչել էին Վարդանուհի:Ստացել է հիմնավոր կրթություն, եղել է բարեպաշտ ու աստվածապաշտ: Վայելչագեղ էր ու սիրունատես, բայց նրան վիճակված էր ընտանեկան դաժան ու դառն կյանք: Քաղաքական նպատակներով, նրան կնության են տվել Վրաստանի Աշուշա բդեշխի որդի Վազգենին: Վարդանանց նահատակությունից հետո, Վազգենը գնացել է Տիզբոն, ուրացել քրիստոնեությունը և ամուսնացել պարսկուհու հետ: Վազգենին ոչ մի կերպ չի հաջողվել հավատափոխ անել կնոջն ու երեխաներին: Ստիպված Շուշանիկը երեխաների հետ ապաստանել է մի եկեղեցում: Վազգենը պահանջել է, որ վերադառնա` սպառնալով քանդել բոլոր եկեղեցիները, հալածել քրիստոնյաներին: Շուշանիկը վերադարձել է, բանտարկվել, ենթարկվել հալածանքների, կրել անմարդկային տառապանք: Բդեշխի բացակայության ժամանակ նա զբաղվել է բժշկությամբ, սատարել աղքատներին: Այդ տարիներին նա Հայաստանի Տարոն գավառ է ուղարկել վրաց լուսավորիչ կույս Նունեի խաչը, որը հայերը կոչել են Շուշանի խաչ: Այն սկզբում դրվել է Արտագերս ամրոցում, 1904թ. տեղափոխվել է Անի, հետագայում ցավոք սրտի անհետացել է: Շուշանիկը մահացել է բանտարկության յոթերորդ տարում, 475թ.: Հայոց եկեղեցին սրբացրել է Շուշանիկին: Նրա հիշատակը տոնում են Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:


 

Նազինիկը մեր թվարկության երկրորդ կամ երրերդ դարի պարուհի է, ում մասին հիշատակել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» դրվագներից մեկում` շարադրելով հետևյալ միջադեպը. Տրդատ իշխանը, գժտվելով իր կնոջ հետ, հեռացել է տնից և հյուընկալվել Սյունյաց նահապետ Բակուրի կողմից: Վերջինս ճոխ խնջույք է կազմակերպել Տրդատի պատվին. «…տեսեալ Տրդատայ զկին մը, զի յոյժ գեղեցիկ էր և երգեր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ»: «Երգեր ձեռամբ» արտահայտությունը համապատասխանում է այն գործողությանը, որ կատարել է Սալոմեն, այսինքն մենապարել է: Հենց այդպես, որպես պարուհի է ներկայացրել է Դալինել Վարուժանը Նազինիկին իր Հարճը պոեմում: Պոեմը հիմք է տվել հայ արվեստագետներին ստեղծելու բազմաթիվ երկեր, որոնց հերոսուհին պարուհի Նազինիկն է: 1934-49թթ. կոմպոզիտոր Վ. Արարատյանը ստեղծել է Հարճը բալետը, 1990-ական թթ. Վ. Գալստյանը բեմադրել է Նազինիկ մենապարը: Հարճը ներկայացվել է հեղինակային երգի վարպետ Վ. Թաթիկյանի երգային մեկնաբանությամբ` կիթառի նվագակցությամբ:

 

 

Փառանձեմ թագուհին ծնվել, ապրել ու մահացել է մեր թվարկության 4-րդ դարում: Սյունյաց հզոր նախարար Անդովկ Սյունու դուստրն է եղել: Մոր կողմից սերում էր Մամիկոնյան իշխանաց տոհմից: Եղել է Արշակ Բ. արքայի եղբորորդի Գնել Արշակունու կինը: Երբ Արշակը դավադրաբար սպանեց Գնելին, Փառանձեմը դարձավ Արշակի կինը, իսկ 359թ.` Հայոց թագուհի: Նա ըմբոստ ոգու տեր հզոր անհատականություն էր, դարի նշանավոր կինը իր գեղեցկությամբ, քինախնդրությամբ, կենցաղով, քաջությամբ և եղերական վախճանով: 368թ. Արշակ Բ. Տիզբոնում ձերբակալվելուց և Անհուշ բերդում շղայակապ բանտարկվելուց հետո, երբ Հայոց աշխարհի վրա կաղվել էր պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը, ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում գտնվող Պապ որդուն Հայաստանի թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն ուղարկում Կոստանդնուպոլիս: Դրանից հետո նա տասնմեկ հազարանոց ընտիր ղորքով և արքունի գանձերով հաստատվել է Արտագերս ամրոցում: Շապուհի մեծաքանակ զորքը, Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ մտել է Հայոց աշխարհ, գրավել և ավերել գրեթե բոլոր նշանավոր քաղաքները` Արտաշատը, Վաղարշապատը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը, 14 ամիս պաշարված պահել Արտագերսը: Երբ ամրոցում բռնկվել է ժանտախտը և անհնար է եղել պաշարված մնալ, Փառանձեմը հանձնվել է , գերեվարվել Պարսկաստան և դաժանաբար սպանվել Շապուհի հրամանով` 369թ.: Նրա անվան հետ է կապվում Արցախյան գոյապայքարի տարիներին Լեռնային Ղարաբաղում գործող կանանց «Փառանձեմ» ջոկատը:

 

 

Էրատո (հունարեն սեր) թագուհու ծննդյան և մահվան թբերը հայտնի չեն: Թագավորել է ընդմիջումներով` մեր թվարկությունից առաջ առաջին դարավերջից մինչև մեր թվարկության առաջին դարասկիզբը: Էրատոն հայոց արքա Տիգրան Գ-ի դուստրն է, Արտաշեսյան գահատոհմի վերջին գահակալը: Թագավորել է խորթ եղբոր և ամուսնու` Տիգրան Դ-ի հետ: Դ ժգոհելով Էրատոյի և Տիգրան Դ-ի վարած անկախ քաղաքականությունից, Հռոմի Օգոստոս կայսրը Ք. ա. 5 թվականին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին: Ք.ա 2 թվականին հայերն ապստամբել, գահընկեց են արել Արտավազդին, և գահ բարձրացրել Տիգրան Դ-ին և Էրատոյին: Ք. հ. 1 թվականին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած լեռնականների դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Ք. հ. 6 թվականին հայոց ավագանին նորից գահին է բազմեցրել Էրատոյին: Վերջինս թագավորել է մինչև 11 թվականը և գահընկեց եղել: Էրատոն հայոց հնագույն ժամանակների միակ տիրակալն է, որ գահ է բարձրացել երեք անգամ: Էրատո թագուհու պատկերով հատվել է դրամ` «Էրատո` Տիգրան թագավորի քույր» հունարեն մակագրությամբ: 

 

 

 

 

աղբյուր` Ա. Նախշքարյան, Հայուհիներ Հանրագիտարան

 

 


 

 

 

 

 


 

 


 

 


 


 

 


 

 


 


 

 


 



up

Բարի սիրտ

Արտարժույթի հաշվիչ

 

 


  414.08
  11.58
  572.51

Bogema: ՄԱՎՐԻԿԻՈՍ ԿՂԶԻ